BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Մրցույթի մասնակիցների մոտ 20 տոկոսը չուներ երաժշտական կրթություն»

«Մրցույթի մասնակիցների մոտ 20 տոկոսը չուներ երաժշտական կրթություն»
10.03.2015 | 12:24

Մեկնարկում է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական երկրորդ մրցույթը: Մասնակցել կարող են 8-18 տարեկան պատանի ստեղծագործողները: Մրցույթի հեղինակ, կոմպոզիտորների միության տեղեկատվական բաժնի ղեկավար, կոմպոզիտոր ԷԴՄՈՆԴ ՄԱԿԱՐՅԱՆԻ փոխանցմամբ` այս տարի կան փոփոխություններ` կապված մասնակիցների տարիքային շեմի և ներկայացվող աշխատանքների հետ: Որպես օրինակ, մրցույթի ավագ ենթախմբի մասնակիցների ներկայացրած ստեղծագործությունը կարող է գրված լինել մինչև չորս գործիքի համար: Գործիքների ընտրությունը ազատ է: Փոքրերի ենթախմբում ներկայացվելու է բացառապես մեկ դաշնամուրային ստեղծագործություն: Մրցույթը մեկնարկում է Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ:

-Մրցույթի օրակարգում մի շարք փոփոխություններ են տեղ գտել, «Պարտադիր չէ, որ մասնակցել ցանկացողները սովորեն երաժշտական դպրոցում, կամ հաճախեն կոմպոզիցիայի դասարան» կետը պահպանվե՞լ է:
-Այո, դա մեր մրցույթի գլխավոր նախապայմանն է:
-Այնուհանդերձ, ենթադրում եմ, որ ավելի շատ դիմում են երաժշտական կրթություն ստացող պատանիները:
-Վիճակագրությունը ցույց է տալիս, որ այո: Բայց քանի որ հայտերում արգելում ենք նշել երաժշտական կամ արվեստի դպրոցների անունները, այդ մասին իմանում ենք մրցույթի արդյունքներն ամփոփելուց հետո: Ընդհանուր առմամբ` նախորդ տարի մրցույթի մասնակիցների մոտ 20 տոկոսը չուներ երաժշտական կրթություն:
-Ավելի շատ մարզերի՞ց են մասնակցության հայտ ներկայացնում, թե՞ մայրաքաղաքից:
-Հիմնականում՝ մայրաքաղաքից:
-Կարո՞ղ են մասնակցել նաև Արցախի, սփյուռքի մեր հայրենակիցները:
-Այո, անցյալ տարի հայտ չենք ունեցել, այս տարի նոր-նոր է մեկնարկել հայտերի ընդունումը, հուսանք, որ ավելի գլոբալ կլինի: Ասեմ, որ անցյալ տարի մեր մասնակիցներից մեկը Սիրիայից գաղթած ընտանիքից էր, ի դեպ, երաժշտական որևէ կրթություն չուներ:
-Ի՞նչ է տալիս մրցույթը պատանիներին:
-Ամենակարևորը, երեխաները գիտակցում են, որ կոմպոզիտորների միությունը, երաժշտական աշխարհը չեն անտեսում իրենց: Հնարավորություն են ստանում իրենց ստեղծագործական ունակությունները ներկայացնելու պրոֆեսիոնալ ժյուրիին, պրոֆեսիոնալ ունկնդրին և առհասարակ, երաժշտասեր հանրությանը: Ի վերջո, հավաքվում են մի հարկի տակ, լսում իրենց ընկերների գործերը:
Անցյալ տարվա փորձից կարող եմ ասել, որ հետաքրքրությունը մրցույթի հանդեպ բավական մեծ էր, անգամ դահլիճում նստատեղերի խնդիր էր ծագում:
-Ի՞նչ հեռանկարներ են բացվում մրցանակակիրների համար: Հանրահռչակվո՞ւմ են լավագույն ստեղծագործությունները:
-Այո, մրցանակակիրները մրցույթի ավարտից հետո «շրջել են» հեռուստաընկերություններով: Լուսաբանվել է մրցույթը, հնչել են մրցանակակիրների ստեղծագործությունները: Չի բացառվում, որ այս տարի նրանք փառատոնում հանդես գան արդեն հյուրի կարգավիճակում: Նրանք առաջին քայլերն են անում, առայժմ պետք է քաջալերել, որ ոգևորվեն, առաջ շարժվեն: Այդ ճանապարհը կտանի դեպի պրոֆեսիոնալ հարթություն` կոնսերվատորիա, կոմպոզիտորների դասարան, կոմպոզիտորների միություն, համաշխարհային բեմեր:
-Ասում են, եթե կոմպոզիտորների միության անդամ չես, կոմպոզիտոր համարվել չես կարող: Կա՞ նման տարանջատում:
-ԿՄ անդամ են դառնում նրանք, ովքեր ունեն պրոֆեսիոնալ կրթություն: Այլ հարց է, որ միությունը միառժամանակ իր տեղը «զիջել էր» սիրողական մակարդակի հեղինակների, երգահանների: Շնորհիվ միության նոր ղեկավարության, հանձին ԿՄ նախագահ Արամ Սաթյանի, աստիճանաբար վերականգնվում են չափանիշները: Տարանջատում, իհարկե, կա: Պրոֆեսիոնալը սիրողականից տարբերվում է հենց իր պրոֆեսիոնալ մոտեցմամբ։ Սիրողական մակարդակի հեղինակը, երգահանը, ով եթե նույնիսկ բավական հայտնի է, կարող է շվշվացնելով, առանց կանոններ պահպանելու մեղեդի հորինել, այնուհետև ստեղծել հաջորդ մեղեդին, որը նման կլինի առաջինին: Որպես կանոն, առաջինը լավն է, երկրորդը՝ նորմալ, երրորդը` կրկնություն: Իսկ պրոֆեսիոնալների մոտ դրական պրոգրես է գրանցվում: Նրանք ճիշտ են կառուցում աշխատանքը, զերծ են մնում կրկնություններից:
-Էդվարդ Միրզոյանի անվան առաջին մրցույթում հաղթել են երաժշտական կրթություն ունեցողները: Երաժշտական դպրոցներում չսովորող տաղանդավորներին ի՞նչ է տալու մրցույթը:
-Տալու է իրենց ուժերի ու տաղանդի հանդեպ վստահություն: Սա այլ դեպք է, որովհետև պատանիները դեռ պրոֆեսիոնալ երաժիշտ դառնալու ճանապարհ պիտի անցնեն: Մենք հաշվի ենք առել, որ կարող են լինել տաղանդավոր երեխաներ, որոնք ուղղակի ֆինանսական խնդիրների պատճառով չեն ստանում երաժշտական կրթություն: Իսկ ինչո՞ւ նրանց հնարավորություն չտալ ներկայանալու, մրցելու: Չէ՞ որ տաղանդը Աստծո տված շնորհ է: Այո, ընդունում եմ, որ այդ տաղանդը մշակված չէ, բայց մրցույթը դրսևորվելու հնարավորություն կտա, դռներ կբացի: Օրինակ՝ անցյալ տարի ուսուցիչներից մեկը, մրցույթի մասնակից երեխաներից մեկի ունակությունները տեսնելով, համաձայնեց անվճար պարապել նրա հետ:
Սա հարթակ է յուրաքանչյուր պատանի ստեղծագործողի համար, հարթակ, որ բացում է նոր ու մեծ դռներ:

Զրույցը`
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 1473

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ